Սիլուրի ժամանակաշրջան
Սիլուրի ժամանակաշրջան (սիլուր), երկրաբանական ժամանակաշրջան, պալեոզոյան դարաշրջանի երրորդ ժամանակաշրջանը։ Հաջորդել է օրդովիկին և նախորդել դևոնի ժամանակաշրջանին։ Սկսվել է 443,8 ± 1,5 մլն տարի առաջ և ավարտվել 419,2 ± 3,2 մլն տարի առաջ[1]՝ տևելով շուրջ 25 մլն տարի։ Պալեոզոյի ամենակարճ ժամանակաշրջանն է։ Սահմանել է անգլիացի երկրաբան Ռոդերիկ Մուրչիսոնը 1835 թվականին Մեծ Բրիտանիայում (տիպային տարածքը՝ Ուելսի սահմանային մարզ)։ Հետագայում ստորին մասն առանձնացվել է որպես ինքնուրույն՝ օրդովիկի ժամանակաշրջան։ «Սիլուր» անվանումը պահպանվել է միայն վերին մասի համար և այդ ծավալով էլ հաստատվել Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (Կոպենհագեն, 1960)։ Սիլուրի ժամանակաշրջանը ստորաբաժանվում է երկու մասի` ստորին, որն ընդգրկում է լլանդովերի և ուենլոկի, և վերին, որն ընդգրկում է լուդլովի և պրժիդոլի (դաունտոնի) հարկերը։
Այդ ժամանակաշրջանին վերաբերող ապարների համալիրը կոչվում է սիլուրի համակարգ[2]։
Սիլուրի ստորին սահմանը որոշվում է խոշորամասշտաբ բնաջնջմամբ, որի արդյունքում անհետացել է օրդովիկում գոյություն ունեցած ծովային օրգանիզմների տեսակների շուրջ 60 %-ը, և որը կոչվում է օրդովիկ-սիլուրյան բնաջնջում։ Չարլզ Լայելի օրոք (19րդ դարի կեսեր) սիլուրը համարվել է ամենահին երկրաբանական դարաշրջանը[3]։ Կոչվել է հին կելտական ցեղի՝ սիլուրների անունով, որոնք ապրում էին Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի սահմանային մարզում[4], և որոնց բնակության վայրերում անցկացվել են տվյալ ժամանակաշրջանի առանձնացմանը նպաստած երկրաբանական ուսումնասիրությունները։
Սիլուրի սիստեմի ենթաբաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդացի երկրաբան Ռոդերիկ Մուրչիսոնը սիլուրի դարաշրջանն առանձնացրել է 1835 թվականին հիմնվելով հարավային Ուելսի տարածքում կատարված վաղ պալեոզոյան ուսումնասիրությունների արդյունքների վրա, որ նա անցկացրել է 1831 թվականից սկսած։ Համակարգը նա կոչել է ի հիշատա սիլուրների (լատին․՝ silures)՝ կելտական ցեղի, որը երկաթի դարում բնակվել է ժամանակակից հարավային Ուելսի տարածքում ու Անգլիային հարող շրջաններում և մեր թվարկության I դարում անողոքաբար դիմադրել հռոմեական նվաճմանը։ Անվանումն ընդհանուր շրջանառության մեջ է դրվել 1839 թվականին Մուրչիսոնի՝ «The Silurian System» դասական աշխատության հրատարակումից հետո[5][6]։
Ըստ Մուրչիսոնի նախնական հայեցակարգի՝ սիլուրի ժամանակաշրջանն ընդգրկել է նաև այն ժամանակաշրջանը, որ ներկայում կոչվում է օրդովիկի. ինքնուրույն օրդովիկի ժամանակաշրջանն առանձնացվել է միայն 1879 թվականին անգլիացի երկրաբան Չարլզ Լապվորտի (անգլ.՝ Charles Lapworth) կողմից[6][7]։ Սակայն երկար ժամանակ այն սովորաբար դիտարկվել է որպես սիլուրի ստորին (օրդովիկյան) բաժին։ 1960 թվականին Կոպենհագենում անցկացված Երկրաբանական միջազգային կոնգրեսի 21-րդ նստաշրջանում այն պաշտոնապես հաստատվել է որպես Շերտագրական միջազգային սանդղակի առանձին համակարգ, ինչից հետո վերջնականապես հաստատվել է սիլուրի սահմանումը որպես պալեոզոյի երրորդ ենթաբաժին[8][9]։
Խորհրդային Միությունում 20-րդ դարի երկրորդ կեսին սիլուրի համակարգն ընդունված է եղել բաժանել երկու մասի՝ ստորին սիլուր (լլանդովերի և ուենլոկի հարկերով) և վերին սիլուր (լուդլովի և պրժիդոլի հարկերով)[10][11]։ Երկրաբանական միջազգային կոնգրեսում ներմուծվել է այդ համակարգի բաժանումը չորս մասի՝ լլանդովերի, ուենլոկի, լուդլովի և պրժիդոլի (մինչև 1972 թվականը՝ դաունտոնի[12]) 7 հարկերով (պրժիդոլին հարկերի չի բաժանվել)[13][14][15]։
Սիլուրի ենթաբաժանումների բացարձակ թվերը պարբերաբար ճշտվում են Շերտագրության միջազգային հանձնաժողովի կողմից։
Որպես սիլուրի համակարգի ստորին սահման (հիմք) Շերտագրության միջազգային հանձնաժողովը 1985 թվականին հաստատել է Parakidograptus acuminatus գրապտոլիտի բիոզանայի հիմքը, ընդ որում՝ որպես նրա ստրատոտիպ ընդունվել է Դոբս-Լինն օրդովիկ-սիլուրյան կտրվածքը (Շոտլանդիայի հարավում գտնվող Մոֆֆաթ քաղաքի մոտ)։ Ավելի ուշ որոշվել է ճշգրտել տվյալ սահմանի բնորոշումը՝ որպես կենսաշերտագրական մարկեր ընդունելով Akidograptus ascensus և Parakidograptus praematurus գրապտոլիտ առաջին անգամ ի հայտ գալու ժամանակը (վերջին տեսակը նախկինում ընդգրկվել է Parakidograptus acuminatus կազմում)[16][17][18]։
Որպես սիլուրի վերին սահման ծառայում է դևոնի համակարգի հիմքը, որի համար դեռ 1972 թվականին վերցվել Monograptus uniformis գրապտոլիտի բիոզանայի հիմքը (հավելյալ կենսաշերտագրական չափանիշը՝ Warburgella rugulosa rugosa տրիլոբիտի հայտնվելը)։ Որպես ստրատոտիպ ծառայում է Կլոնկ վայրի 20 շերտը, որ գտնվում է Բերոուն քաղաքից 12 կմ հեռավորության վրա (վերջինս տեղակայված է Պրահայից դեպի հարավ-արևմուտք)[13][19][20]։
Պալեոաշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլուրի ժամանակաշրջանի սկզբում Երկրի պալեոաշխարհագրական պատկերն ընդհանուր առմամբ մնացել է նույնը, ինչ քեմբրիի ավարտին. գրեթե ամբողջ ցամաքը միավորված է եղել չորս մայրցամաքներում։ Մերձհասարակածային շրջաններում գտնվել են Լավրենտիան, Բալթիկան (Ֆեննոսարմատիա) և Անգարիդան (Սիբիր)։ Հարավային բևեռին մոտ տեղակայված է եղել Գոնդվանա մեծ սուպերմայրցամաքը, որը նույնպես մասամբ մոտ է եղել հասարակածին։ Գոնդվանայի կազմի մեջ մտել են ապագա կայնոզոյան մի քանի պլատֆորմներ (Հարավամերիկյան, Աֆրիկյան, Հնդկական, Ավստրալիական, Արևելաանտարկտիկական), սակայն դրանցից բացի Գոնդվանայի եզրերում տեղակայված է եղել մերձգոնդվանյան գոտին, որ ներառել է բազմաթիվ միկրոպլատֆորմներ, որոնք ուշ պալեոզոյում և մեզոզոյում (տարբեր ժամանակներում) մտել են ձևավորվող Եվրասիայի կազմի մեջ[21][22][23]։
Գոնդվանայի և հյուսիսային մայրցամաքների միջև գտնվել են Ավալոնիա և Ղազախստանիա միկրոմայրցամաքները, որոնցից առաջինն առանձնացել է Գոնդվանայի ափերից վաղ օրդովիկում[24], երկրորդը ձևավորվել է ուշ օրդովիկում առանձին հատվածներից[25]։
Թվարկված բոլոր մայրցամաքները բաժանված են եղել օվկիանոսներով։ Գրեթե ողջ հյուսիսային կիսագունդն զբաղեցրել է Պանտալասա օվկիանոսը, որ նախորդել է Խաղաղ օվկիանոսին։ Յապետուս մայրցամաքը բաժանել է Լավրենտիան Բալթիկայից ու Ավալոնիայից, որոնք միմյանցից բաժանվել են Թորնքվիստ ծովով։ Բալթիկայի, Անգարիդայի ու Ղազախստանիայի միջև տեղակայված է եղել Ուրալյան օվկիանոսը։ Գոնդվանան Ավալոնիայից բաժանել է Ռեիկում օվկիանոսը, Բալթիկայից ու Ղազախստանիայից՝ Պրոտոտետիս օվկիանոսը[22][26]։
Սիլուրի ընթացքում շարունակվել է օրդովիկում սկսված Յապետուսի նեղացման և Ռեիկումի ընդլայնման (վաղ սիլուրում հասել է առավելագույն լայնության) գործընթացը[24])[27]։ Դեռ ուշ օրդովիկի կատիյան (Katian) դարաշրջանում Ավալոնիայի արևելյան եզրը բախվել է Բալթիկայի ափին, սակայն այդ ժամանակ դա չի հանգեցրել այդ մայրցամաքների ձուլմանը[28]։ Մոտավորապես 420 մլն տարի առաջ՝ սիլուրի վերջում, Բալթիկան և Ավալոնիան բախվել են Լավրենտիայի հետ և միավորվել մեկ մայրցամաքի կազմում՝ Լավրուսիա (Եվրամերիկա)։ Յապետուս օվկիանոսը փաստացիորեն վերածվել է ոչ մեծ ծովածոցի նախկին Ավալոնիայի արևմտյան հատվածի և նախկին Լավրենտիայի արևելյան ափի միջև, ապա վերջնականապես դադարեցրել իր գոյությունը վաղ դևոնում[29][30][31]; Արդեն սիլուրի կեսերին տեղի է ունեցել Ռեիկումի նեղացումը, որի արդյունքում Լավրուսիան ու Գոնդվանան զգալիորեն մոտեցել են իրար ժամանակաշրջանի ավարտին։ Ընդհակառակը, Անգարիդան հեռացել է նրանցից՝ շարժվելով դեպի հյուսիս[32]։
Մինչ սիլուրի ավարտը տեղի են ունեցել նաև այլ նշանակալի իրադարձություններ. սկսվել են ռիֆտինգի ինտենսիվ գործընթացներ Գոնդվանայի մերձհասարակածային հատվածում, որոնք դևոնի սկզբում հանգեցրել են նրանից Տարիմ, Հյուսիսային Չինաստան, Հարավային Չինաստան և Հնդկաչին (Աննամիա) միկրոմայրցամաքների հեռացմանը[33]։
Սիլուրի ժամանակաշրջանում է եղել կալեդոնյան ծալքավորության առավելագույնս արտահայտված շրջանը, որն սկսվել է ուշ լլանդովերում, շարունակվել մինչև վաղ դևոն և բնութագրվել ինտենսիվ լեռնագոյացությամբ, որն առավել արտահայտվել է Լավրենտիայի, Բալթիկայի ու Ավալոնիայի բախման վայրում (Սկանդինավիայի, Բրիտանական կղզիների, արևելյան Գրենլանդիայի և Հյուսիսային Ապալաչների շրջանում)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլուրի ժամանակաշրջանի սկզբում դեռ շարունակվել է ուշ օրդովիկի և վաղ սիլուրի սառցակալումը, երբ Գոնդվանայի զգալի մասը (ներառյալ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Պիրենեյան ու Արաբական թերակղզիների, Փոքր Ասիայի տարածքները) ծածկված է եղել սառցաշերտով։ Ռուդդանյան դարաշրջանի ավարտին սառցակալումն սվարտվել է[34][35]։
Սակայն սիլուրի ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում Երկրի կլիման ընդհանուր առմամբ մնացել է սառը (լլանդովերի և ուենլոկի ընթացքում տեղի են ունեցել նոր սառցակալումներ, որ կրել են սահմանափակ բնույթ[36])։ Ժամանակաշրջանի ավարտին մոտ զգալիորեն տաքացել է, իսկ կլիման դարձել է տաք (երբեմն՝ շոգ) և չորային[37][38]։ Սիլուրի վերջում Երկրի մակերևույթում օդի միջին ջերմաստիճանը կազմել է ավելի քան 20 °C (ինչը 5 °C-ով բարձր է ժամանակակից ցուցանիշից)։ Շարունակվել է պաշտպանիչ օզոնային շերտի ձևավորումը, որն ի հայտ է եկել օրդովիկում[39]։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը սիլուրում երեք անգամ գերազանցել է ժամանակակից մակարդակը (վերին օրդովիկում՝ չորս անգամ)։ Եթե ժամանակաշրջանի սկզբում մթնոլորտում թթվածնի մակարդակը կազմել է ժամանակակից մակարդակի 65 %-ը, ապա ժամանակաշրջանի ավարտին նվազել է մինչև ժամանակակից մակարդակի 35 %[40]։
Նստվածքների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլուրի ժամանակարջանի ընթացքում մայրցամաքային պլատֆորմների տարածքների մի մասն զբաղեցրել են փոքր ծովային ավազանները (որոշ տարածքներում կարելի է ենթադրել մերձափնյա և ծովալճակային պայմաններ)։ Այդ ավազանների մակերեսը ժամանակի ընթացքում փոփոխվել է. ժամանակաշրջանի սկզբում եղել է որոշակի տրանսգրեսիա, որին սիլուրի կեսերին ու վերջում փոխարինել է ռեգրեսիան։ Սիլուրի սկզբում Արևելաեվրոպական պլատֆորմի զգալի մասն ու Արևելասիբիրական լատֆորմի մեծ մասն զբաղված են եղել այդպիսի ավազաններով, ինչի մասին վկայում է նստվածնքների բնույթը. գերակշռել են կարբբոնատային նստվածքները և ծովալճակային ապարները (միայն Արելասիբիրյան պլատֆորմի հյուսիսարևմտյան մասում առանձնացվում է համեմատաբար խորջրյա կարբոնատա-կավային նստվածքների ձևավորման տարածք)։ Ժամանակաշրջանի ավարտին մոտ դրությունը փոխվել է. ծովը հեռացել է Արելաեվրոպական պլատֆորմից և Արևելասիբիրյան պլատֆորմի մեծ մասից[41][42]։
Փոքր ջրային տարածքները սիլուրում զբաղեցրել են նաև Լավրենտիայի ու Հարավային Չինաստանի զգալի տարածքներ[43]։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ականտոդները (լատին․՝ Acanthodii), որ ձկների ոչնչացած դաս են, գոյություն են ունեցել ուշ սիլուրից մինչև վաղ պերմ։ Ի հայտ են եկել անծնոտների մի քանի խմբեր՝ Osteostraci և Anaspida։ Ծաղկում են ապրել գրապտոլիտներն ու նաուտիլոիդները։ Ապա մեծացել է ուսոտանիների բազմազանությունը։
Ուշ սիլուրում ի հայտ են եկել կռճիկաոսկրային ճառագայթալողակ ձկները[44]։
Ուշ սիլուրի Megamastax amblyodus-ը, որ եղել է ոսկրային ձուկ և ունեցել մինչև 1 մետր երկարություն, 2014 թվականի դրությամբ համարվում է առաջին ողնաշարավոր գիշատիչը, որ սնվել է այլ ողնաշարավորներով[45]։
Մամռակերպեր, (պատկերազարդում Էռնստ Հեկկելի Kunstformen der Natur գրքից, 1904) | Գրապտոլիտներ | Տրիլոբիտ | Սիլուրի անծնոտներ և ձկներ |
Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլուրի ավարտին ցամաքում հայտնվել է բույսերի ևս մեկ խումբ՝ անոթավորներ։ Նրանց հետքերը գտնվել են վերին սիլուրի նստվածքաշերտերում Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ուկրաինայում և Ղազախստանում։ Անոթավոր բույսերի ի հայտ գալը շրջադարձային իրադարձություններից մեկն է կենսոլորտի պատմության մեջ։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլուրի նստվածքաշերտերում հանդիպում են պղնձա-հրաքարային հանքանյութեր (Ուրալ և Նորվեգիա)։ Հարավային Ուրալի սիլիկատային հաստաշերտերի հետ են կապվում և Միջին Ասիայի մանգանի և ֆոսֆորիտների հանքավայրերը։ Միացյալ Նահանգներում (Նյու Յորք և Ալաբամա նահանգներ) կան երկաթի, ինչպես նաև գիպսի (Նյու Յորք նահանգի կենտրոնական հատված) հանքավայրեր։ Սիլուրի ժամանակաշրջանի հիմնական օգտակար հանածոներն են՝ երկաթ, ոսկի, պղինձ, վառվող թերթաքարեր, ֆոսֆորիտներ և բարիտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «International Chronostratigraphic Chart» (PDF) (անգլերեն). International Commission on Stratigraphy. 2017-02. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Стратиграфический кодекс России. — М.: Межведомственный стратиграфический комитет России; ВСЕГЕИ, 2006. — ISBN 593761075X. Приложение 3, п. 3.6.
- ↑ Лайель Ч. Основы геологии. 1-я кн., 7-я гл.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
- ↑ The Paleozoic Era, 2010, էջ 177
- ↑ 6,0 6,1 Евсеева, Лефлат, Жилина, 2016, էջ 195
- ↑ The Paleozoic Era, 2010, էջ 178
- ↑ Зональная стратиграфия, 2006, էջ 47
- ↑ Каныгин А. В. Проблемы реформирования Международной стратиграфической шкалы с позиции эволюции экосистем (на примере нижнего палеозоя) // Геология и геофизика. — 2011. — Т. 52, № 10. — С. 1349—1366.
- ↑ Михайлова, Бондаренко, Обручева, 1989, էջ 64
- ↑ Постановления МСК, 2013, էջ 8
- ↑ Михайлова, Бондаренко, Обручева, 1989, էջ 61
- ↑ 13,0 13,1 The Paleozoic Era, 2010, էջ 181
- ↑ Черепанов, Иванов, 2007, էջ 5—6
- ↑ Архангельский, Иванов, 2013, էջ 168—169
- ↑ The Paleozoic Era, 2010, էջ 180—181
- ↑ Зональная стратиграфия, 2006, էջ 49
- ↑ Постановления МСК, 2013, էջ 12—13
- ↑ Chlupáč I. Comments on facies development and stratigraphy of the Devonian, Barrandian area, Czech Republic // Bulletin of Geosciences, 2003, 78 (4). — P. 299—312.
- ↑ Зональная стратиграфия, 2006, էջ 66
- ↑ Рожнов, 2012, էջ 36—37, 39
- ↑ 22,0 22,1 Архангельский, Иванов, 2013, էջ 38—40
- ↑ Verniers et al., 2008, էջ 257
- ↑ 24,0 24,1 Pollock J. C., Hibbard J. P., van Staal C. R. A paleogeographical review of the periGondwanan realm of the Appalachian orogen // Canadian Journal of Earth Sciences, 2012, 49 (1). — P. 259—288. —
- ↑ Хаин, 2001, էջ 203, 272
- ↑ Рожнов, 2012, էջ 37
- ↑ Архангельский, Иванов, 2013, էջ 39
- ↑ Verniers et al., 2008, էջ 256
- ↑ Murphy J. B., Nance R. D., Cawood P. A. Contrasting Modes of Supercontinent Formation and the Conundrum of Pangea // Gondwana Research, 2009, 15 (3-4). — P. 408—420. —
- ↑ Keppie J. D., Keppie D. F. Ediacaran — Middle Paleozoic Oceanic Voyage of Avalonia from Baltica via Gondwana to Laurentia: Paleomagnetic, Faunal and Geological Constraints // Geoscience Canada, 2014, 41 (1). — P. 5—18. —
- ↑ Архангельский, Иванов, 2013, էջ 39—40
- ↑ Рожнов, 2012, էջ 38—39
- ↑ Metcalfe I. Palaeozoic — Mesozoic history of SE Asia // The SE Asian Gateway: History and Tectonics of the Australia — Asia Collision / Ed. by R. Hall, M. A. Cottam, M. E. J. Wilson. — L.: The Geological Society of London, 2011. — 381 p. — (Geological Society of London Special Publications, vol. 355). — ISBN 978-1-8623-9329-5 — P. 7—36.
- ↑ Рожнов, 2012, էջ 43
- ↑ Чумаков, 2015, էջ 66—69
- ↑ Чумаков, 2015, էջ 72
- ↑ Евсеева, Лефлат, Жилина, 2016, էջ 83—88
- ↑ Чумаков, 2015, էջ 73
- ↑ Морина, Дербенцева, Морин, 2013, էջ 41
- ↑ Verniers et al., 2008, էջ 249
- ↑ Морина, Дербенцева, Морин, 2013, էջ 40, 42
- ↑ Данукалова М. К., Толмачёва Т. Ю., Мянник П., Суяркова А. А., Кульков Н. П., Кузьмичев А. Б., Мельникова Л. М. Новые данные о стратиграфии ордовикско-силурийских отложений центральной части острова Котельный (Новосибирские острова) и сопоставление с одновозрастными разрезами Восточной Арктики // Стратиграфия. Геологическая корреляция. — 2015. — Т. 23, № 5. — С. 22—49.
- ↑ Torsvik & Cocks, 2017, էջ 129, 132
- ↑ «Andreolepis hedei на сайте «The Paleobiology Database»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ В силурийских отложениях Китая найден древнейший позвоночный хищник.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Архангельский М. С., Иванов А. В. Введение в палеографию с элементами палеоэкологии. — М.: Издат. дом «Камертон», 2013. — 216 с. — ISBN 978-5-904-14201-8
- Евсеева Н. С., Лефлат О. Н., Жилина Т. Н. Палеогеография (историческое землеведение). — Томск: Издательский дом Томского гос. ун-та, 2016. — 212 с. — ISBN 978-5-94621-550-3
- Зональная стратиграфия фанерозоя России / Науч. ред. Т. Н. Корень. — СПб.: Изд-во ВСЕГЕИ, 2006. — 256 с. — ISBN 5-93761-072-5
- Иорданский Н. Н. Развитие жизни на Земле. — М.: Просвещение, 1981. — 191 с.
- Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология. 2-е изд. — М.: Academia, 2006. — 457 с. — ISBN 5-7695-2715-3
- Михайлова И. А., Бондаренко О. Б., Обручева О. П. Общая палеонтология. — М.: Изд-во Моск. ун-та, 1989. — 384 с. — ISBN 5-211-00434-5
- Морина О. М., Дербенцева А. М., Морин В. А. Геология и гидрогеология. — Хабаровск: Изд-во ТОГУ, 2013. — 92 с. — ISBN 978-5-7389-1275-7
- Постановления Межведомственного стратиграфического комитета и его постоянных комиссий. Вып. 42 / Отв. ред. А. И. Жамойда. — СПб.: Изд-во ВСЕГЕИ, 2013. — 64 с. — ISBN 978-5-93761-199-4
- Рожнов С. В. Земля в протерозое и раннем палеозое: Background ранней колонизации суши // Ранняя колонизация суши / Отв. ред. С. В. Рожнов. — М.: Палеонтологический институт РАН, 2012. — 194 с. — (Гео-биологические системы в прошлом). — ISBN 978-5-903825-21-9 — С. 29—56.
- Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — 206 с.
- Хаин В. Е. Тектоника континентов и океанов (год 2000). — М.: Научный мир, 2001. — 606 с. — ISBN 5-89176-138-6
- Черепанов Г. О., Иванов А. О. Палеозоология позвоночных. — М.: Издат. центр «Академия», 2007. — 352 с. — ISBN 978-5-7695-3104-0
- Чумаков Н. М. Оледенения Земли. История, стратиграфическое значение и роль в биосфере / Отв. ред. М. А. Семихатовместо=. — ГЕОС, 2015. — 160 с. — (Труды Геологического института, вып. 611). — ISBN 978-5-89118-692-7
- Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985. — 295 с.
- Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: Недра, 1985. — 192 с.
- Torsvik T. H., Cocks L. R. M. Earth History and Palaeogeography. — Cambridge: Cambridge University Press, 2017. — x + 326 p. — ISBN 978-1-107-10532-4
- The Paleozoic Era: Diversification of Plant and Animal Lifes / Ed. by J. P. Rafferty. — N. Y.: The Rosen Publishing Group, 2010. — 339 p. — (The Geologic History of Earth). — ISBN 978-1-61530-111-9
- Verniers J., Maletz J., Kříž J., Žigaitė Ž., Paris F., Schönlaub H. P., Wrona R. Silurian // The Geology of Central Europe. Vol. 1. Precambrian and Palaeozoic / Ed. by T. McCann. — L.: The Geological Society of London, 2008. — xiii + 748 p. — ISBN 978-1-86239-245-8 — P. 249—302.
- Emiliani, Cesare. (1992). Planet Earth : Cosmology, Geology, & the Evolution of Life & the Environment. Cambridge University Press. (Paperback Edition 0-521-40949-7)
- Mikulic, DG, DEG Briggs, and J Kluessendorf. 1985. A new exceptionally preserved biota from the Lower Silurian of Wisconsin, USA. Philosophical Transactions of the Royal Society of London, 311B:75-86.
- Moore, RA, DEG Briggs, SJ Braddy, LI Anderson, DG Mikulic, and J Kluessendorf. 2005. A new synziphosurine (Chelicerata: Xiphosura) from the Late Llandovery (Silurian) Waukesha Lagerstatte, Wisconsin, USA. Journal of Paleontology:79(2), pp. 242–250.
- Ogg, Jim; June, 2004, Overview of Global Boundary Stratotype Sections and Points (GSSP's) https://web.archive.org/web/20060716071827/http://www.stratigraphy.org/gssp.htm Original version accessed April 30, 2006, redirected to archive on May 6, 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օրդովիկի և սիլուրի ժամանակաշրջաններ
- Սիլուր։ Պալեոզոյան դարաշրջան
- Սիլուր
- К. Ю. Еськов. История Земли и жизни. Ранний палеозой
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլուրի ժամանակաշրջան» հոդվածին։ |
|